ՀԱՅՈՑ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՃԵՄԱՐԱՆԸ 196 ՏԱՐԵԿԱՆ Է

Armenian-College-Choir

2017թ. ապրիլի 2-ին մեծ շուքով նշվեց Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարանի հիմնադրման 196-րդ ամյակը: Այն հիմնադրվել է 1821թ.ապրիլի 2-ին Աստվածատուր Մուրադխանյանի և Մնացական Վարդանյանի միջոցներով:

Միջոցառման գլխավոր հյուրերն էին Կալկաթայի կաթոլիկ արքեպիսկոպոս Թոմաս Դեսուզան, Հնդկաստանում ՀՀ դեսպան Արմեն Մարտիրոսյանը: Ներկա էին նաև Ս. Նազարեթ Հայոց եկեղեցու վարչության անդամները, Կալկաթայի մի շարք կրթական հաստատությունների տնօրեններ, հնդկահայեր:

Միջոցառումն սկսվեց Տերունական աղոթքով ապա Հնդկաստանի, Հայաստանի և ճեմարանի հիմների կատարմամբ:

Ելույթով հանդես եկան կաթոլիկ արքեպիսկոպոսը, պարոն Ա. Մարտիրոսյանը և ճեմարանի նախկին աշակերտ Արմեն Մակարյանը: Այնուհետև աշակերտները բեմականացրին երկու ներկայացումներ՝ Հովհաննես Թումանյանի «Թմբկաբերդի առումը» պոեմը՝ հայերենով և Օսկար Ուայլդի «Եսասեր հասկան»՝ անգլերենով:

Տեղի ունեցավ նաև մրցանակաբաշխություն. Երկու աշակերտներ՝ Սահակ Կարապետյանը և Գևորգ Մկրտչյանը համապատասխանաբար ստացան տարվա ամենակարգապահ ու ամենաբարձր առաջադիմություն ցուցաբերած աշակերտի, ինչպես նաև լավագույն մարզիկի արծաթե մեդալներ:

Պարոն Սևիլ Առաքելյանի գլխավորությամբ Ճեմարանի երգչախումբը հայերեն, անգլերեն ու հնդկերեն հրաշալի կատարումներուվ պարզապես ցնցեց ներկաներին:

Միջոցառումն ավարտվեց Հնդկահայոց հոգևոր հովիվ և Մարդասիրական ճեմարանի կառավարիչ Տ. Մովսես աբեղա Սարգսյանի ելույթով: Հոգեշնորհ Հայր Սուրբը նախ անդրադարձ կատարեց անցյալ ուսումնական տարվա ընթացքում կատարված աշխատանքներին ու ձեռքբերումներին ապա խոսեց նաև նախատեսվող մի քանի ծրագրերի մասին, որոնք պետք է իրականացվեն մինչև ճեմարանի 200 ամյակը: Հայր Սուրբն իր խոսքն ուղղելով աշակերտներին, մասնավորապես նշեց. «Հուսով եմ, որ բոլոր ուսանողները շարունակելու են լավագունս օգտագործել իրենց ընձեռված այս հրաշալի հնարավորությունը, որ ավանդվել է մեր նախահայրերի կողմից: Ձեր ապագան ձե՛ր ձեռքերում է, ու չնայած մենք միշտ պատրաստ ենք օգնել ձեզ, այնուամենայնիվ ձեր կրթօջախի անունն ու պատիվը միշտ բարձր պահելու պատասխանատվությունը ձե՛ր վրա է»:

Այնուհետև հյուրերը նախ հաճույքով դիտեցին աշակերտների պատրաստած նկարչության ու ասեղնագործության ցուցահանդեսը ապա վայելեցին տոնական ընթրիքը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *